Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Թվեր և փաստեր Հայաստանից

Ընտանեկան բժշկություն. անցյալ, ներկա և ապագա

«Առաջնային բուժօգնության բարեփոխումների հիմնական ուղղություններից է ընտանեկան բժշկության (ԸԲ) համակարգի ներդրումը, իսկ ամենամեծ նվաճումներից մեկը` առաջնային բուժօգնությունն անվճար դարձնելը: Հնարավոր է, որ որոշ բուժհաստատությունների տնօրեններ կգերադասեին վճարովի ծառայությունների «վերադարձը» ամբուլատոր-պոլիկլինիկական համակարգ, ֆինանսական լրացուցիչ հոսքերի ակնկալիքով (ինչպես մինչև 2006 թվականն էր), սակայն մեր հիմնական նպատակը բնակչության համար բուժօգնության մատչելիության ապահովումն ու առողջության պահպանումն է, ուստի` հետդարձի ճանապարհ չկա», - Aysor-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ Առողջապահության նախարարության Առաջնային բուժօգնության բաժնի պետ Ռուզաննա Յուզբաշյանը:

 

ԸԲ ներդրումը Հայաստանում սկսվեց մոտ 10 տարի առաջ գյուղերից և, Ռ. Յուզբաշյանի համոզմամբ, դա շատ ճիշտ էր, քանի որ ավելի վառ ու տեսանելի երևացին արդյունքները: Խորհրդային միության փլուզումը, 1988թ. ավերիչ երկրաշարժը, էներգետիկ ճգնաժամն ու շրջափակումը լուրջ վնաս էին հասցրել նաև առողջապահության համակարգին: Երկրաշարժից հետո քաղաքային բուժհաստատություններն ինչ-որ չափով հաղորդակցվել էին միջազգային փորձին և կարողացել էին նոր սարքավորումներ ձեռք բերել, մինչդեռ երկրի գյուղական վայրերում առաջնային բուժօգնությունը շատ հետ էր մնում քաղաքային բուժօգնության մակարդակից:

 

Ռ. Յուզբաշյանի ներկայացմամբ, ՀԲ առողջապահական վարկային առաջին ծրագրի շրջանակներում ընտրվեցին առավել անմխիթար, սահմանամերձ և դժվարամատչելի վայրերում գտնվող գյուղական բուժհաստատությունները և վերանորգվեցին կամ լիովին հիմնահատակ կառուցվեցին որպես ԸԲ գրասենյակներ, հագեցվեցին նորագույն սարքավորումներով, մասնագետներն անցան ԸԲ վերապատրաստում:

 

«Որպեսզի ԸԲ խթան ունենա և հիվանդից որևէ ակնկալիք չունենա, արդեն մի քանի տարի է, ինչ սահմանվել է առաջնային օղակի բժիշկների և բուժքույրերի հստակ վարձատրման կարգ, գործառույթների ավելացմանը զուգահեռ ավելանում է նաև ֆինանսավորումը: Շուտով...## անցնելու ենք ըստ որակի կատարողականի խրախուսող վարձատրության, և ավելի որակյալ աշխատանք կատարող բժիշկները պետք է հավելյալ վարձատրվեն», - ասաց Ռ. Յուզբաշյանը:

 

«Փոխվել են նաև վերապատրաստման մոտեցումները` նախկինում ընտանեկան բժիշկ դառնալու համար բժիշկները ստիպված էին մոտ մեկ տարի գտնվել Երևանում` կտրվելով աշխատանքից և տնից: Ներկայումս ուսման տևողությունը փոքր-ինչ երկարել է` կիրառելով առկա-հեռակա ուսուցման սկզբունքը, և ընտանեկան բժիշկը գործնականում հնարավորություն ունի տեղում կիրառել իր գիտելիքները: ԸԲ կրթությունն իրականացվում է նաև ՀՀ մարզերում գործող ՀՀ ԱՆ ԱԱԻ բազաներում», - տեղեկացրեց Առաջնային բուժօգնության բաժնի պետը:

 

Առաջնային օղակի բարեփոխումների ևս մի դրական քայլ է «ազատ ընտրության սկզբունքը», երբ անհատը կարող է ինքն ընտրել իր ընտանեկան բժշկին, տեղամասային թերապևտին կամ մանկաբույժին: Սակայն, ազատ ընտրությունն ունի նաև որոշակի տարածքային սահմանափակումներ` օրինակ բնակության վայրի հեռավորությունը: Եթե առաջնային օղակի բժիշկը չի կարող տնային կանչ կատարել, համաճարակաբանական իրավիճակը կառավարել, ապա չի կարող նաև իրեն ընտրող անձին իր մոտ գրանցել:

 

Առաջնային բուժօգնության բաժնի պետի հավաստմամբ` ներկայումս մշակվել են առաջնային օղակի բժիշկների աշխատանքի որակի վերահսկման ստանդարտներ և չափորոշիչներ, որոնց միջոցով իրականացվելու է որակի վերահսկումը:

 

Այսօր կան 1000-ից ավելի ընտանեկան բժիշկներ և բուժքույրեր: Նրանց թիվը նախատեսվում է հասցնել 1500-1600-ի, որն այդ բժիշկների նկատմամբ հանրապետության պահանջարկն է: Ռ. Յուզբաշյանը հայտնեց, որ ընտանեկան բժիշկության մասնագիտացման գործընթացը շարունակական է, և տարեկան 150 բժիշկներ և բուժքույրեր անցնում են այն պետական միջոցների հաշվին:

Սկզբնաղբյուր. aysor.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ